Monday, January 21, 2013


Հայաստանի ջրային ռեսուրսների հիմնախնդիրը

       Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի վիճակի վերլուծությունը վկայում է, որ այսօր արդեն բացահայտ նկատելի է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնոլոգիական և սանիտարական հուսալիության նվազումը, նրանց ֆունկցիոնալ հատկությունների աստիճանաբար կորուստը: Աճում է համակարգերի անկայունությունը և հետագա իրավիճակների անկառավարելիությունը: Համակարգերը մոտենում են կրիտիկական իրավիճակին: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահպանումն ու վերականգնումը ստացել է հրամայական կարգավիճակ, որով պահանջվում է լուրջ միջոցառումների ձեռնարկում, որոնց հապաղումը տեղի կտա բազմաբնույթ անցանկալի երևույթների առաջացման և կպահանջի մեծ չափերի հասնող լրացուցիչ ծախսերի ստիպողական կատարում:
       Ջրահեռացման համակարգերը կոչված են բնակավայրերում առաջացած կեղտաջրերի կազմակերպված հեռացման և անհրաժեշտ մաքրման համար` նպատակ ունենալով պահպանել բնակավայրի սանիտարական մաքրությունն ու շրջակա միջավայրի բնապահպանական պահանջները: Կեղտաջրերն արտադրական և կենցաղային (կոմունալ) հոսքերն են (չմաքրված կամ ոչ բավարար մաքրված), որոնք բաց են թողնվել մակերևույթային ջրային օբյեկտներ և որոնցում պարունակող աղտոտիչ նյութերի քանակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի արտահոսքին: Կեղտաջրերը ջրային օբյեկտներ թափելը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրա հետևանքով աղտոտող նյութերի պարունակությունը դրանցում չի գերազանցի թույլատրելի սահմանային նորմերը և պայմանով, եթե ջրօգտագործողը կեղտաջրերը կմաքրի` հասցնելով ջրերի օգտագործումն ու պահպանությունը կարգավորող մարմինների որոշված սահմաններին: Հանրապետության բոլոր քաղաքների և շուրջ 250 գյուղերի կեղտաջրերը հեռացվում են բնակավայրի ջրահեռացման ներքին ցանցերի միջոցով: Գոյություն ունեցող ներքին ցանցերը ապահովում են քաղաքների տարածքի 60-80%-ի ջրահեռացումը, իսկ գյուղերի բնակեցված տարածքների` մինչև 50%-ը: Երևան քաղաքի ջրահեռացման ներքին ցանցը ապահովում է մայրաքաղաքի տարածքի 97%-ի կոյուղացումը: Կոյուղացված բնակավայրերի միայն մի մասն է ապահոված հեռացվող կեղտաջրերի մաքրման տեղական կամ խմբակային կայաններով: Մյուս բնակավայրերից հեռացված կեղտաջրերը առանց  մաքրման ուղղակի  լցվում են մակերևութային ջրավազանները:
       Բոլոր ջրային օբյեկտները պետք է պահպանվեն աղտոտումից, աղբակալումից և սպառումից, որոնք կարող են վնաս պատճառել բնակչության առողջությանը, ինչպես նաև նվազեցնել ձկան պաշարները, վատացնել ջրամատակարարման պայմանները և առաջ բերել անբարենպաստ այլ երևույթներ` ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման, բնական մաքրման, ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախտման հետևանքով:

No comments:

Post a Comment